Դիտարկումներ ձմեռային ճամբարի մասին

Այս տարի ձմեռային ճամբարը տևեց երեք շաբաթ։ Երեք շաբաթվա ընթացքում ունեցել ենք հետաքրքիր հանդիպումներ, իրականացրել ենք շատ ուսումնական նախագծեր, միասին խաղացել ենք տարբեր ուսուցողական խաղեր, ինչպես նաև այցելել մյուս ջոկատներ։ Ըստ իս՝ նախորդ երեք շաբաթներն անցել են շատ արդյունավետ, քանի որ ճամբարային օրերի ընթացքում մենք հնարավորություն ենք ունեցել դասերի փոխարեն զբաղվել հետաքրքիր գործունեությամբ, որն ըստ իս՝ շատ կարևոր և ցանկալի է ինձ և իմ հասակակիցների համար։ Ձմեռային ճամբարն ունի նաև վատ կողմեր, չնայած դրանք մեզ չեն խանգարում մեծ հետաքրքրությամբ մասնակցելու ուսումնական ճամբարին։ Օրինակ՝ ամառային ճամբարների ընթացքում կարողանում ենք ճամփորդել ուր ցանկանում ենք, իսկ ձմռանը, ցուրտ եղանակի պատճառով չենք ունենում այդ հնարավորությունը։ Չնայած, ինձ համար շատ ավելի հետաքրքիր են ձմեռային ճամփորդությունները, օրինակ՝ սահնակով, չմուշկներով, քաղաքում չգտնվող հեռու վայրեր այցելելը հենց այս ցուրտ եղանակին։ Իսկ առհասարակ, ճամբարը գրեթե բոլոր երեխաների համար գերադասելի է, քանի որ բոլորն էլ ուզում են դպրոց գալով զբաղվել միայն ուսումնական խաղերով, նախագծերով, հանդիպումներ-քննարկումներով, ճամփորդություններով և այլն։ Մեր դպրոցի ուսումնական ճամբարի ամենալավ կողմերից մեկն այն է, որ սովորողն ունենում է ազատ ընտրության հնարավորություն ջոկատավարի հարցում, ընտրում է այն ուսուցչին, ում հետ պետք է անցկացնի իր ճամբարային մի քանի շաբաթը։

Այս ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում հիմնականում զբաղվել ենք ինտելեկտուալ խաղեր խաղալով, այցելել ենք մեր դպրոցի կրտսեր սովորողներին, ինչպես նաև ավագ դպրոցի մի քանի այլ ջոկատներին։ Ըստ իս՝ այս տարվա ճամբարն ամենահետաքրքիրներից էր, քանի որ ունեցել ենք շատ ուրախ, անմոռանալի, հետաքրքիր պահեր։ Գրեթե ամեն օր իրականացրել ենք մեկ կամ մի քանի նախագծեր, որոնք են՝ խոհանոցային աշխատանքները, այցելությունները, հանդիպումները, ֆիզկուլտուրայի և պարի դասերը, և իհարկե ուսումնական խաղերը։ Ես շատ ուրախ եմ, որ մենք հնարավորություն ենք ունենում մի քանի շաբաթ զբաղվել միմիայն այսպիսի նախագծերով, չենք հոգնում, և իհարկե սիրով մասնակցում ենք բոլոր ուսումնական գործունեություններին։

Թողնել մեկնաբանություն