Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

  • Հայաստանի անկախության վերականգնումն ու ամրապնդումը․ Աշոտ I (885-890)

IX դարի կեսերին Միջին դարերի հզոր պետություններից մեկը՝ Արաբական խալիֆայությունը, սկսեց թուլանալ ու անկում ապրել։ Այսպիսով, Հայաստանի վերականգնման համար նպաստավոր իրավիճակ էր ստեղծվել։ Անկախ պետականության հաստատման համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը։ Սակայն այդ պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ Աշոտ Բագրատունուն թագ ուղարկեց Վասիլ I-ը՝ Բյուզանդիայի կայսրը։ 862 թվականին երկրի իշխանների առաջարկով նա ճանաչվեց հայոց իշխանաց իշխան։ Իսկ մինչ այդ նա հաստատվել էր որպես հայոց իշխան և սպարապետ։ Այսպիսով, բոլորի ներկայությամբ, 885 թվականի օգոստոսի 26-ին Բագարան քաղաքում Աշոտ Բագրատունին օծվեց հայոց թագավոր։ Նա կարճ ժամանակում կարողացավ հասնել Հայաստանից խալիֆայություն տրվող հարկերի նվազեցմանը։ Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի։ Այսպիսով, Աշոտ I-ը դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

  • Սմբատ I (890-914)

Աշոտ I-ի մահից հետո գահ բարձրացավ Սմբատ I-ը։ Նա թագավորեց 890-914 թվականներին։ Սմբատը շարունակեց երկրի խաղաղ շինարարությունը և ամրապնդեց պետությունը։ Խալիֆայությունն ու Ատրպատականի Սաջյան ամիրայությունը Հայաստանի թշնամիներն էին։ 894 թվականին տեղի ունեցած ճակատամարտում արաբները պարտվեցին։ Ճակատամարտը տեղի ունեցավ Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ։ Շուտով վեճ առաջացավ Նախճավանի պատճառով ու Գագիկ Արծրունին խնդրեց Սմբատին իրեն վերադարձնել Նախճավան քաղաքը, քանի որ այն նախկինում եղել է Վասպուրականի կազմում։ Սակայն Սմբատը մերժեց նրան։ 908 թվականին խալիֆը Սմբատի փոխարեն Հայաստանի թագավոր ճանաչեց Գագիկ Արծրունուն։ Բագրատունյաց թագավորությանը վերջ տալու նպատակով Յուսուֆ ամիրան Արծրունու հետ հարձակվեց Հայաստանի վրա։

  • Աշոտ II Երկաթ (914-928)

Աշոտ Երկաթը ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Հայ իշխաններն աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Երկաթի շուրջը։ 921 թվականին Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում։ Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը զորքեր կուտակեց Սևանա լճի ափին, փորձեց գրավել կղզին։ Սևանի ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։ Սևանի հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբաս սպարապետի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Նիկողայոս պատրիարքը նամակ գրեց հայոց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսին, որից հետո Աշոտ Բ-ն մեկնեց Կոստանդնուպոլիս և դաշինք կնքեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ 922 թվականին խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։

  • Անի մայրաքաղաք

Անի մայրաքաղաքի ավերակները գտնվում են Մեծ Հայքի Շիրակ գավառում, Ախուրյան գետի աջ ափին։ Վաղ միջնադարում Անին պատկանել է հայտնի Կամսարական տոհմին։ 8-րդ դարում Հայաստանի իշխան Աշոտ 1-ը Կամսարականներից գնում է Անի ամրոցն ու միացնում իր տիրույթներին։ 9-րդ դարի վերջերին Անին արդեն գյուղաքաղաք էր։ Արդեն 961 թվականին Բագրատունիներն իրենց արքունիքը Կարսից փոխադրում են Անի ու այն հռչակում մայրաքաղաք։ 964 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորը ամրոցի հյուսիսում կառուցում է հզոր պարիսպ, որն էլ հետագայում իր անունով կոչվում է Աշոտաշեն։ Անին շատ արագ զարգանում է։ Շուտով Սմբատ 2 թագավորը կառուցում է երկրորդ պարիսպը` Սմբատաշենը։ Արդեն 11-րդ դարում Անին ուներ շուրջ 100․000 բնակիչ։ 1023 թվականին Հովհաննես-Սմբատը Անին իր մերձակայքով կտակում է Բյուզանդիային։ Պետականությունը պահպանելու նպատակով 1042 թվականի վերջերին թագավոր է օծվում պատանի Գագիկ 2-ը։ 1043-1044 թվականներին Բյուզանդիան մի քանի անգամ պաշարում է Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Շուտով կազմակերպվում է Անիի պաշտպանությունը։ Սակայն 1045 թվականին Գագիկ թագավորին գահազրկում են, ու Բյուզանդիան հասնում է իր նպատակին։ 1064 թվականին տեղի ունեցած երրորդ արշավանքի ժամանակ Սելջուկները գրավում են Անին, կառուցվում է երկու մզկիթ։ Նույնիսկ 1319 թվականի ուժեղ երկրաշարժից հետո Անին որպես քաղաք պահպանում է իր գոյությունը։ 1878 թվականին քաղաքն անցնում է Ռուսաստանին։ Շուտով այն անցնում է հայկական կազմ, սակայն 1920 թվականին Անին և ողջ Կարսի մարզը կրկին զավթում են թուրքերը։