Փավստոս Բյուզանդ | «Պատմություն Հայոց»

Փավստոս Բուզանդ
V դարի պատմիչ, մատենագիր Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» երկը IV դարում պարսկական բռնատիրության դեմ հայ ժողովրդի պայքարի պատմության կարևոր սկզբնաղբյուր է:

Կենսագրություն
Որոշ ուսումնասիրողներ, Փավստոս Բուզանդին նույնացնելով Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի խորհրդական հույն եպիսկոպոս Փավստոսին, կարծում են, որ նա իր «Պատմություն Հայոց» երկը գրել է 4-րդ դարի վերջին հունարեն, իսկ 5-րդ դարում այն թարգմանվել է հայերեն։ Այլ հայագետներ Փավստոս Բուզանդին համարում են հայ, իսկ նրա երկը՝ գրված հայերեն 5-րդ դարի երկրորդ կեսին, որի հեղինակն իբր իր գիրքը վերագրել է նկարագրված դեպքերի ժամանակակից հույն հոգևորական Փավստոսին։

Մինչև 19-րդ դարի վերջին քառորդը Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոցը» համարվել է նվազ վստահելի աղբյուր։ Վիճակը փոխվել է, երբ ֆրանսիացի հայագետ Անտուան Ժան Սեն–Մարտենը Փավստոս Բուզանդի երկը գնահատել է որպես կարևոր աղբյուր և լրջորեն ձեռնամուխ եղել դրա ուսումնասիրմանը։ Պատմիչի Բուզանդ մականունը հիմնականում մեկնաբանվել է «բյուզանդացի» կամ Բյուզանդիայում կրթություն ստացած մարդու իմաստով։
Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» երկը[2] ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի պատմության շարունակությունն է։ Աշխատությունը գրվել է հինգերորդ դարի երկրորդ կեսին, հավանաբար 60- ական թվականներին։ Բայց գրքից երևում է, որ գրողը սնվել ու դաստիարակվել է հայ հերոսական անցյալի հիշատակներով և ազատասիրական գաղափարներով։ Փավստոս Բուզանդը ջերմ հայրենասեր է, հայ ոգու և ձգտումների արտահայտիչ։


Բուզանդի «Հայոց պատմություն» երկ
Պատմությունը գրելիս Բուզանդը չի ղեկավարվում պատմագրության խիստ չափանիշներով, չի ձգտում սահմանել ճիշտ ժամանակագրություն։ Պատմիչը դեպքերը շարադրում է իր լսած բանավոր պատմությունների հիման վրա։
Փավստոս Բուզանդի երկն ընդգրկում է պատմական կարճատև ժամանակաշրջան՝ Խոսրով Գ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387) Արևելահռոմեական Կայսրության (Բյուզանդիայի) և Պարսկաստանի միջև։ Այն բաղկացած է առաջաբանից և չորս դպրություններից, որոնք բաժանվում են առանձին վերնագրված գլուխների։
Փավստոս Բուզանդը իր երկը շարադրելիս, օգտվել է Աստվածաշնչից, վարքաբանական–վկայաբանական գրքերից, հայկական նախորդ պատմագիտական գրականությունից, ավանդազրույցներից։ Պատմագիտական և բանասիրական մեծ արժեք է ներկայացնում երկում զետեղված «Պարսից պատերազմը» ժողովրդական ավանդավեպը, որի առանցքը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի պատմությունն է։ Այն ներթափանցած է քրիստոնեական գաղափարախոսությամբ. երկի մեկ երրորդը կազմում են զանազան տեսիլներ, սրբերի վարքագրություններ, հրաշքներ, քարոզներ, խրատներ, վարդապետություններ, աղոթքներ։

Թողնել մեկնաբանություն