Խեղճ ուրվականները

Բորտ մոլորակի վրա ապրում էին ուրվականներ, շա՜տ ուրվականներ։ Ապրո՞ւմ էին։ Չէ՛, ավելի ճիշտ՝ հազիվ էին իրենց գոյությունը քարշ տալիս, մի կերպ ծայրը-ծայրին էին հասցնում։ Բոլոր ուրվականների նման նրանք ապրում էին որտեղ պատահի՝ քարանձավներում, հին, կիսաքանդ ամրոցներում, դատարկ, լքված տներում, ձեղնահարկերում։ Կեսգիշերին նրանք դուրս էին գալիս իրենց թաքստոցներից և ցրվում մոլորակով մեկ՝ վախեցնելու բորտացիներին։ Բայց բորտացիները նրանցից բոլորովին չէին վախենում։ Նրանք խելացի մարդիկ էին և ուրվականներին չէին հավատում։ Երբ հանդիպում էին նրանց, այնքան էին ծիծաղում, մինչև ուրվականները, ամոթից կարմրելով, անհետանում էին։ Օրինակ՝ հենց որ ուրվականներից մեկը սկսում էր շղթաները զընգզընգացնել ու ճռռացնել, հայտնվում էր բորտացիներից մեկն ու բղավում. – Հե՜յ, ուրվակա՛ն, գոնե շղթաներդ մի քիչ յուղիր, թե չէ շատ են ճռճռում։ Իսկ երբ մեկ ուրիշ ուրվական, օրինակ, սկսում էր թափահարել իր ճերմակ սավանը… իսկույն բորտացիներից մեկը, ավելի շուտ մի փոքրիկ տղա ձայն էր տալիս. – Ի՜նչ ես դեսուդեն ընկնում, շուտ սավանդ բեր, մտցրու լվացքի մեքենայի մեջ։ Վաղուց ժամանակն է, որ այն քիմմաքրման տանես։ Լուսադեմին ուրվականները վախեցած, հուսահատված վերադառնում էին իրենց թաքստոցները և բողոքում. 12 – Սատանան գիտի, թե ինչ է կատարվում։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինձ ինչ ասաց մի սինյորա, որ պատշգամբում նստած գիշերային զովն էր վայելում։ «Տե՛ս,- ասաց,- չուշանաս, քո ժամացույցը ետ է մնում։ Մի՞թե ձեր ուրվականների մեջ մի ժամագործ չկա, որ վերանորոգի այն»։ – Իսկ ի՞նձ։ Նրանք ինձ համար մի գրություն էին թողել, կոճգամով դռանն էին փակցրել։ Եվ գիտե՞ս, թե այնտեղ ինչ էր գրված։ «Հարգելի սինյոր ուրվական, երբ ավարտեք Ձեր զբոսանքը, դուռը կփակեք։ Անցյալ գիշեր դուռը բաց էիք թողել, թափառական կատուները տուն էին մտել և խմել իմ փիսիկի կաթը»։ – Ոչ մի հարգանք ուրվականների նկատմամբ։ – Ոչ մի պատկառանք։ – Պետք է ինչ-որ բան ձեռնարկենք։ – Օրինակ ի՞նչ։ Ինչ-որ մեկն առաջարկեց բողոքի ցույց կազմակերպել, մեկ ուրիշը՝ խփել մոլորակի վրա եղած բոլոր զանգերը, որ բորտացիները չկարողանան քնել։ Վերջապես խոսքը հասավ ամենածեր և ամենաիմաստուն ուրվականին։ – Տիկնայք և պարոնայք,- ասաց նա՝ կարկատելով իր հնամաշ սավանի ծակերը,- թանկագին բարեկամներ, ոչ մի բան չենք կարող անել։ Բորտացիներին այլևս չենք կարող վախեցնել։ Երբե՛ք։ Նրանք ընտելացել են մեր աղմուկին, գիտեն մեր բոլոր հնարքները, և մեր բողոքները նրանց չեն հուզի։ Ո՛չ, մենք այստեղ այլևս անելիք չունենք… – Ի՞նչ է նշանակում՝ «այստեղ»։ – Ուզում եմ ասել՝ այս մոլորակի վրա։ Պետք է արտագաղթել, հեռանալ այստեղից… – Իհարկե, որ հայտնվենք մի մոլորակի վրա, որտեղ միայն մոծակներ ու ճանճե՞ր կան։ – Ոչ, պարոնայք, ես մի շատ հարմար մոլորակ գիտեմ։ – Եվ ինչպե՞ս է այն կոչվում։ – Այդ մոլորակի անունը Երկիր է։ Ես մի հավատարիմ ու վստահելի մարդուց իմացել եմ, որ Երկրի վրա միլիոնավոր երեխաներ են ապրում, որոնք հենց լսում են ուրվականների մասին, վախից գլուխները բարձի տակ են թաքցնում։ – Ի՜նչ հրաշալի բան է։ – Չի՜ կարող պատահել։ – Ինձ այդ մասին պատմել է մի մարդ,- շարունակեց ծեր ուրվականը,- որը կյանքում երբեք սուտ չի խոսում։ – Դե լավ, ուրեմն եկեք քվեարկենք։ Քվեարկենք։ 13 – Ինչի՞ համար քվեարկենք։ – Ո՞վ է համաձայն, որ տեղափոխվենք Երկիր մոլորակ, թող թափահարի իր սավանը։ Սպասեք հաշվեմ. մեկ, երկու, երեք… քառասուն … քառասուն հազար… քառասուն միլիոն… Իսկ ո՞վ է դեմ. մեկ, երկու… Դե ինչ, ճնշող մեծամասնությամբ որոշումն ընդունվեց, գնում ենք։ – Իսկ նրանք, ովքեր դեմ էին, նո՞ւյնպես կարող են գնալ։ – Իհարկե։ Փոքրամասնությունը պետք է հետևի մեծամասնությանը։ – Ե՞րբ ենք մեկնում։ – Վաղը երեկոյան, մութն ընկնելուն պես։ Հաջորդ երեկոյան, դեռ Լուսինը չծագած (ի դեպ, Բորտ մոլորակում տասնչորս Լուսին կա, ու անհասկանալի է, թե ինչպես է նրանց հաջողվում պտտվել նույն մոլորակի շուրջը և չբախվել միմյանց), բորտացի ուրվականները շարք կազմեցին և թափահարեցին իրենց սավանները՝ մեծ, անաղմուկ թևերի նման… Եվ ահա նրանք թռան… Սպիտակ հրթիռների նման թռան դեպի տիեզերք։ – Իսկ ճանապարհից չե՞նք շեղվի – Մի՛ վախեցեք, ծերուկն այնքան լավ գիտի երկնային ուղերթները, որքան իր մաշված սավանի անցքերը…

Երրորդ ավարտ

Լույսի արագությամբ շարժվելով՝ մի քանի րոպե անց բորտացի ուրվականները հայտնվեցին Լուսնի մոտ և արդեն պատրաստվում էին վայրէջք կատարել Երկրի վրա և իրենց գործին անցնել, երբ հանկարծ տեսան, որ Երկրից դերի իրենց է թռչում ուրվականների նույնպիսի մի հոծ շարասյուն։ 15 – Հե՜յ, ովքե՞ր եք։ – Իսկ դո՞ւք ովքեր եք։ – Դա ազնիվ չէ, մենք առաջինը հարցրեցինք։ – Մենք ուրվականներ ենք, Երկիր մոլորակից։ Հեռանում ենք, քանի որ այստեղ այլևս ոչ ոք մեզնից չի վախենում։ – Եվ դեպի ո՞ւր եք թռչում։ – Դեպի Բորտ մոլորակ։ Մեզ ասել են, որ այնտեղ մարդիկ կան, ում կարելի է վախեցնել։ – Դժբախտնե՜ր։ Իմացեք, որ մենք հենց այդ մոլորակից ենք հեռացել, քանի որ այնտեղ ուրվականներն այլևս անելու բան չունեն։ – Գրողը տանի, բա ի՞նչ անենք։ – Եկեք միավորվենք և փնտրենք մի այնպիսի մոլորակ, որտեղ վախկոտներ են ապրում։ Մի՞թե ամբողջ Տիեզերքում չի գտնվի գոնե մի այդպիսի մոլորակ… – Իհարկե, հենց այդպես էլ պետք է անել… Այդպես էլ արեցին։ Բորտացի և երկրացի ուրվականները միավորվեցին, մի փոքր շեղեցին ճանապարհը և անհետացան Տիեզերքի խորքերում։

Թողնել մեկնաբանություն